Ամեոբա

Սովորաբար մանրադիտակային չափի (տրամագիծը՝ մինչև 50 մկմ) կենդանիներ են։ Կան նաև «հսկա» ամեոբաներ: Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք։ Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ։ Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրով լճակների հատակում, տիղմի մեջ։ Նա նման է փոքրիկ (0,2-0,5 մմ), հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը։ Ամեոբայի կառուցվածքի մանրամասները կարելի է դիտել միայն մանրադիտակով։ Ամեոբայի մարմինը կազմված է կիսահեղուկ ցիտոպլազմայից, որի ներսում տեղավորված է նրա ոչ մեծ բշտիկաձև կորիզը, այսինքն՝ նա միաբջիջ է, բայց այդ բջիջը ինքնուրույն կյանք վարող ամբողջական օրգանիզմ է։ Ցիտոպլազման գտնվում է մշտական շարժման մեջ։ Եթե ցիտոպլազմայի հոսքը ուղղվում է մակերևույթի որևէ կետին, նրա մարմինը այդ նույն կետում արտափքվում է։ Այն չափերով մեծանում է, դառնում մարմնի ելուստ՝ կեղծ ոտք, նրա մեջ ներհոսում է ցիտոպլազման և այդ եղանակով ամեոբան տեղաշարժվում է։ Ամեոբան և մյուս նախակենդանիները, որոնք ընդունակ են կեղծ ոտքեր առաջացնելու, պատկանում են արմատոտանիների դասին։ Այդ անունը նրանք ստացել են արտաքին այն նմանության համար, որ կա նրանց կեղծ ոտքերի և բույսերի արմատների միջև:

Write a comment

Comments: 0